Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաեւ նրանց աջակցող հատուկ նշանակության տարբեր խմբեր հոկտեմբերի 28-ի առավոտից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի երկայնքով, ինչպես նաեւ Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղությամբ: Այդ մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդն առանձնակի ակտիվություն է ցուցաբերել Բերձորի ուղղությամբ: Հարավային հատվածում լայնածավալ մարտական գործողություններ են ընթանցել, սակայն հակառակորդին այդպես էլ չի հաջողվել առաջ շարժվել Բերձորի ուղղությամբ՝ չնայած բոլոր ջանքերին։ Միաժամանակ, հայկական կողմին հաջողվել է որոշակի դիրքային բարելավում արձանագրել այդ ուղղությամբ։
"Մենք շարունակել ենք մեր աշխատանքը հարավային ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման ուղղությամբ։ Այժմ այդ ուղղությամբ գործողությունները կրում են օջախային բնույթ, բայց բավական համառ։ Հիմա մարտական գործողություններն այն խտությունը չունեն, ինչպես նախկինում, դրանք ավելի տեղային բնույթ են կրում։ Հիմնականում, հակառակորդը կիրառում է հրետանի եւ ավիացիա ", - եզրափակել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է հյուսիսային ուղղությանը, ապա այնտեղ, ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի, հիմնականում հրետանային գնդակոծություն է իրականացվել Մարտակերտի շրջանում տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներին պետք է անհանգստացնեն այն փաստը, որ Ադրբեջանը սահմանամերձ տարածքներում ահաբեկիչների հենակետեր է տեղակայում: Նա ընդգծել է, որ Պաշտպանության բանակն արդեն հայտարարություններ է արել այդ հարցի վերաբերյալ ։ Հովհաննիսյանի խոսքով ՝ ակնհայտ է դարձել, որ Բաքուն մի շարք ուղղություններով վերահսկողությունը լիովին փոխանցել է ահաբեկիչներին։