Արմինֆո.Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 39 մարդ է զոհվել։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՔԿ քրեաիրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշել է, որ Արցախում գնդակոծվել է ավելի քան 120 բնակավայր: Ադրբեջանական կողմը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված տարբեր սպառազինություն, օրինակ՝ կասետային զինամթերք։
"Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախում վիրավորվել է 114 մարդ, որոնցից 80-ը՝ ծանր։ Բացի այդ, ադրբեջանական զինուժը գնդակոծում է Արցախում իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ տուժել է նաև երկու ռուս և մեկ հայ լրագրող։ Իսկ Մարտունիում երկու ֆրանսիացի լրագրող է վիրավորվել", - նկշել է վարչության պետը։
Բացի այդ, ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի տարածքը, մասնավորապես, գնդակոծվել են 16 բնակավայրեր, այդ թվում՝ Վարդենիս քաղաքն ու Գեղարքունիքի մարզի գյուղերը, Կոտայքի մարզի գյուղերը, Կապան Եւ Գորիս քաղաքները եւ Սյունիքի մարզի գյուղերը, Տավուշի մարզի Այգեպար գյուղը, Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղը:
"Այդ գնդակոծությունների ընթացքում զոհվել է 8 մարդ, իսկ 11 քաղաքացի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Վնասվածքներ ստացած քաղաքացիների թվում եղել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինծառայողներ, որոնք չեն մասնակցել մարտական գործողություններին։ Պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս", - եզրափակել է Վարդանյանը։