Արմինֆո. Աթենքը մատնանշել է Անկարային զենքի վաճառքի անընդունելի լինելը, քանի որ թուրքական կողմն այն օգտագործում է տարածաշրջանի բոլոր երկրներում իրավիճակի ապակայունացման համար: Այդ մասին հայտարարել Է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ մտահոգություն է հայտնել այն բացասական դերի կապակցությամբ, որը խաղում է Թուրքիան Սիրիայում՝ խափանելով ձեռք բերված հաջողությունները ԴԱԵՇճ դեմ պայքարում: Դենդիասն ընդգծել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների զբոսաշրջային գործակալը, որոնք տեղափոխվում են տարբեր ռազմաճակատներ, որտեղ մարտական գործողություններ են ընթանում:
Հունաստանի արտգործնախարարը նշել է, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: "Մենք քննարկել ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են միջազգային հանրության կողմից հակամարտող կողմերի միջև հրադադարի հասնելու համար։ Այդ համատեքստում ես տեղեկացրել եմ Երևան կատարած իմ այցի և հրադադարի ռեժիմի հասնելու կարևորության մասին", - ասել է Դենդիասը։
Իր հերթին՝ Լավրովը նշել է, որ հույն գործընկերոջը տեղեկացրել է այն դերի մասին, որը Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խթանելու նպատակով՝ սկսած անհապաղ հրադադարից: Ընդ որում, նա հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի հետխորհրդային տարածքում բոլոր խնդիրներն ու հակամարտությունները կարգավորվեն եւ հաղթահարվեն: