Արմինֆո.Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել Արցախի կանանց եւ երեխաների բողոքի ակցիան՝ Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջով։
Ակցիայի մասնակիցների խոսքով, միայն ճանաչելով ԼՂՀ անկախությունը, կարելի է խաղաղություն ապահովել Արցախում: Նրանք նշել են, որ իրավունք ունեն ապրելու իրենց հողում։ Ցուցարարները նաև պահանջել են ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են նամակ, որը մտադիր էին հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Սակայն, պարզվել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի պատճառով գրասենյակում ոչ ոք չի եղել, բացի անվտանգության ծառայության աշխատակիցներից:
Թիկնապահներն առաջարկել են նամակ փոխանցել կամ էլ գալ վաղը ՝ գրասենյակից որևէ մեկի հետ հանդիպելու համար ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ վաղը կրկին կհավաքվեն ժամը 11:00-ին, եւ եթե չկարողանան հանդիպել Անդրեա Վիկտորինի հետ, նրանք կշարունակեն բողոքի ակցիաները: