Արմինֆո.Ամերիկյան Viasat ընկերությունը, որը զբաղվում է ռազմական սարքավորումների արտադրությամբ, դադարեցնում է Թուրքիայի հետ դրոնների համար համալրող սարքերի մատակարարման պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել Է ընկերության նախագահ Քեն Պետերմանը՝ Սան Դիեգոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք հավաքվել էին Viasat-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները եւ դադարեցնել զենքի մատակարարումը, որով սպանում են խաղաղ բնակչությանը։
Խաղաղ ակցիայի արդյունքում հայ համայնքի ակտիվիստները հրավիրվել են ընկերության գրասենյակ, որտեղ նրանց հետ զրուցել է Քեն Պետերմանը, ով անձամբ հաղորդել Է Թուրքիայի հետ պայմանագիրը խզելու որոշման մասին:
ԱՄՆ-ի 5-րդ ալիքին տված հարցազրույցում Քեն Պետերմանը պատմել է, որ ընկերությունը համագործակցում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ եւ պաշտպանական նպատակներով պատրաստված տարբեր ռազմական սարքավորումներ է մատակարարում ԱՄՆ-ի բոլոր գործընկեր երկրներին: Ամերիկացի լրագրողների հետ Պետերմանի զրույցը Facebook-ի ուղիղ եթերում նկարահանել է Սան Դիեգոյի հայ համայնքի ակտիվիստ Քրիստինա Հալաջյանը, ով թարգմանել է Viasat-ի ղեկավարի խոսքերը:
"Դժվար է մեկնաբանել, թե քանի ընտանիք է տուժել Արցախում ահաբեկչության պատճառով։ Երբ մենք այդ սարքավորումները վաճառում էինք թուրքերին, չգիտեինք, որ դրանք օգտագործվելու են ահաբեկչական նպատակներով։ Մենք դեմ ենք և դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ այդ ագրեսիան, որի արդյունքում անմեղ մարդիկ են սպանվել։ Դրանք կարող էին լինել մեր որդիներն ու դուստրերը: Ես հույս ունեմ, որ Մայք Պոմպեոն արդեն այն ճանապարհին է, որպեսզի կանգնեցնի Թուրքիային եւ "նրա ականջները ոլորի"։ Ես շնորհակալ եմ այս խաղաղ ակցիայի համար։ Հույս ունեմ, որ նրանց ձայնը կլսվի, և ահաբեկչությունը կդադարեցվի", - ասել է Պետերմանը, հավելելով, որ կանի հնարավորը՝ իր լիազորությունների շրջանակում, որպեսզի կանգնեցնի պատերազմը։ Նա, միաժամանակ, խոստացել է, որ նամակ կուղարկի ԱՄՆ պաշտպանության նախարարություն, որում կգրի այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը դրոններ է մատակարարում ահաբեկիչներին, որոնցից գնդակոծում են հիվանդանոցներ ու եկեղեցի: