Արմինֆո.Վանաձոր քաղաքում ստեղծվել է կամավորական ջոկատ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
<Այսօր բոլորս ապրում ենք ճակատագրական փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ հայրենիքի նորօրյա պատմությունը կերտվում է մարտի դաշտում՝ մեր հերոս եղբայրների և քույրերի անօրինակ սխրանքի և արյան գնով: Մենք պարտավոր ենք ուս ուսի տալ և հաղթանակով պսակել սրբազան պատերազմը, որը մեզ պարտադրել են>,- ասել է նա։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հերթին հայտնել է, որ կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: <Վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր այսօր արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը>,- ասել է նա։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նունպես տեղեկացրել է, որ քաղաքում պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ: <Մենք մեր ներդրումն ենք ունենալու ընդհանուր հաղթանակի մեջ>, - ընդգծել է քաղաքապետը:
Վարչապետի կոչին արձագանքել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Facebook-ի իր էջում Չոբանյանը տեղեկացրել է, որ Տավուշում կամավորական ջոկատներ են ձևավորվում ։
Երևանում ևս կձևավորվի կամավորական ջոկատ, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ։ Կարապետյանը նշել է որ ջոկատը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նաև կամավորական ջոկատներ են ձևավորվում Արագածոտնի մարզում։
Նշենք, որ նախօրեին իր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր իշխանության պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելու համար կամավորական ջոկատներ ձևավորելու կոչով։