Արմինֆո.ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ը նախօրեին անօդաչու թռչող սարք է ոչնչացրել է Սյունիքում։ Այս մասին <Ազատություն> ռադիոկայանին ասել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, որն այս օրերին համակարգում է Սյունիքում պաշտպանական աշխատանքները։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքի որոշակի տարրերի ուղղությամբ: <Նախօրեին Սյունիքում աշխատել են հակաօդային պաշտպանության մեր միջոցները ։ Հակառակորդը փորձել է անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք։ Անօդաչու սարքը հայտնաբերվել եւ ոչնչացվել է։ Դրանով հարցը փակվել է։ Սա առաջին դեպքը չէ ։ Մեր ՀՕՊ համակարգերը բավականին արդյունավետ են աշխատում, թեև հակառակորդն արդեն դասեր է քաղել և փորձում է օգտագործել այլ հնարքներ՝ իր խնդիրը կատարելու և տեխնիկան չկորցնելու համար>, - ասել է նա ։
Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը Սյունիքի մարզում՝ Դավթյանն արձանագրել է, որ թշնամական ուժերը փորձում են հետախուզական գործունեություն ծավալել, որպեսզի հասկանան, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաև այլ ռազմական նպատակներ է հետապնդում ։ Նա նաև նշել է, որ հակառակորդը նաև փորձում է հարվածներ հասցնել ռազմական նշանակության օբյեկտներին։
Խոսելով հայ-իրանական սահմանին տիրող իրավիճակի մասին ՝ նա նշել է, սահմանին կյանքը բնական հունով է ընթանում ։ <Ես այսօր այնտեղ էի ։ Էական փոփոխություններ չկան, առևտրաշրջանառությունը շարունակվում է, աշխատանքը շարունակվում է բնականոն և հանգիստ ռեժիմով ։ Խնդիր չկա, և կարծում եմ ՝ չի լինի ։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանին կշռադատված դիրքորոշման եւ ըմբռնման համար>, - նշել է նա ։
Դավթյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Սյունիքում իր գործունեության նպատակն է աջակցել համայնքային կառույցներին ՝ բնակչությանը թշնամու հնարավոր ոտնձգություններին նախապատրաստելու գործում: