Արմինֆո. Հունաստանը Եվրահանձնաժողովին կոչ է անում դիտարկել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ Մաքսային միության մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է Աթենքի-մակեդոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Ինչպես նշում է աղբյուրը, դիմումի համար առիթ են հանդիսացել Անկարայի շարունակվող սադրանքները:
Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելիին ուղղված նամակում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ ԵՀ-ն պետք է դիտարկի Մաքսային միության աշխատանքի լիակատար կասեցումը "որպես Եվրամիության դեմ Թուրքիայի շարունակվող անօրինական վարքագծին անհամաձայնության ահազանգ":
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է միակողմանիորեն խախտել ԵՄ-Թուրքիա մաքսային միության կանոնները՝ սահմանելով չնախատեսված սակագներ, եւ կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին անհապաղ քննարկել հետագա միջոցներ ձեռնարկելու հարցը: