Արմինֆո. Այժմ բոլոր երեք համանախագահներն օրակարգում ունեն մեկ հարց ՝ ոչ միայն հրադադարը, այլ նաև՝ դրա պահպանումը ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ։
Քոչարյանը նշել է, որ չի կարելի, որ անընդհատ հրադադար հայտարարվի, իսկ հետո այն խախտվի: Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ այս փուլում երեք համանախագահներն ունեն մեկ խնդիր՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարար ձեռք բերել: Նրա խոսքով ՝ երկրորդ խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալն է ։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, ԱԳ փոխնախարարը նշել է. <Կան տարբեր արձագանքներ: Դիրքորոշման հստակությունը շատ կարևոր է ։ Կան շատ պահեր, որոնք մեզ չեն գոհացնում: Բավարար չի կարելի համարել այն արձագանքները, որոնք Արցախը դիտարկում են որպես տարածք, որի բնակչությունը չի կարողանում օգտվել տարրական մարդկային իրավունքներից՝ միայն այն պատճառով, որ երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ>
Քոչարյանի խոսքով, 90 - ականներին Հայաստանում եւ Արցախում իրավիճակը շատ ավելի ծանր էր, բայց անկախ ամեն ինչից հայերը կարողացան դիմանալ: <Հիմա պետք է գիտակցել, որ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում ։ Իրավիճակը մեզ համար շատ ծանր է, չէ որ ամեն օր մարդիկ են զոհվում ։ Բայց նաև պետք է գիտակցել, որ խոսքը անվտանգության ապահովման մասին է, և դա մեր պարտքն է ։ Ավելին, Թուրքիան արդեն բացահայտ խոսում է ոչ միայն պատերազմի, այլեւ՝ Հայոց ցեղասպանության մասին>, - նկատել է նա ։
Փոխարտգործնախարարը նշել է, որ մարտի դաշտում տարած հաղթանակը դիվանագետների համար շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս ։
Հարցին, թե ինչու Հայաստանը մինչ օրս չի դիմել ՀԱՊԿ-ին՝Քոչարյանը հայտարարել է, որ այդ կառույցին դիմելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա լինի: Սակայն, Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծությունները ագրեսիա չեն դիտվում։ Փոխնախարարը նաեւ հաղորդել Է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները մշտապես կապի մեջ են եւ տեղեկատվություն են փոխանակում: Առայժմ դա բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ։