Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կեսգիշերից հայտարարված հրադադարն անժամկետ է ։ Այս մասին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ։
Նրա խոսքով, հրադադարն անժամկետ է , թեպետ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ սա մի քանի օրով է։ <Չկա այդպիսի բան։ Եթե նրանք հայտարարում են, որ դա մի քանի օրով է, ապա նրանք նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմել ագրեսիվ գործողությունների>,- ասել է Բաբայանը։
Նա հավելել է, որ այժմ ղարաբաղյան կողմի համար գլխավորը նոր զոհերից խուսափելն է ։ Առավել ևս, որ շփման գծում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ, քանի որ, Ադրբեջանը չի վերցնում սպանվածների մարմինները։
Դավիթ Բաբայանը նշել է, որ մարդասիրական հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը։ < Հիմնական թիրախներից մեկն է Արաքս գետի վրայի ջրամբարը, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի կարիքները: Փորձում են այդ ռազմավարական կարեւոր հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց հսկողության տակ, որպեսզի հետո շատ ազդեցիկ լծակ ունենան Իրանի դեմ>,- ասել է Բաբայանը։
Սակայն, նրա խոսքով, այդ բոլոր գործողությունները հաջողությամբ կասեցվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների եւ կամավորների կողմից։ <Կարծում եմ, որ հակառակորդը շարունակելու է ակտիվ գործողությունները որոշ հատվածներում>, - նշել է Բաբայանը: