


Արմինֆո. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի տարածքով Ադրբեջանի եւ Հայաստանի ուղղությամբ ռազմական փոխադրումներն իրականացվում են՝ քաղաքացիական թռիչքների միջոցով: Գերատեսչությունը դա գնահատում է՝ որպես <տեղեկատվության մանիպուլյացիա>։
Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, բեռների փոխադրողներն ու սեփականատերերը պատասխանատու են միջազգային իրավունքի նորմերի լիարժեք պահպանման համար։ Դարսալիան ասում է, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում:
<Հայտնի է, որ Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուց անմիջապես հետո Վրաստանը դադարեցրել է ռազմական նշանակության բեռների տարանցումը ցամաքով և օդով՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ ։ Այդ պատճառով մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Վրաստանի տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն ՝ Վրաստանի օդային տարածքում իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար եւ քաղաքացիական բնույթ եւ լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Վրաստանը նախկինի պես շարունակում է կատարել հումանիտար, քաղաքացիական, այդ թվում ՝ առեւտրային բեռների բացթողման իր պարտավորությունները>,- ասել է նա։



