


Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) իրեն դիմելու դեպքում կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության պահպանման գործողություններում՝ միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու դեպքում:
Պետք է լինի նաեւ բոլոր հակամարտող կողմերի համաձայնությունը գործողության անցկացման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Մամուլի քարտուղարը վկայակոչել Է ՀԱՊԿ-ի 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից: ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղության պահպանման գործողության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:
"Որոշումն ընդունվում է ՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը ՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա", - նշել է Զայնետդինովը:
Նա նաեւ հիշեցրել Է, որ հակամարտության կողմերից ՀԱՊԿ միակ մասնակից Հայաստանը դեռ չի դիմել կազմակերպությանը:
2007 թվականի համաձայնագրով, խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը պատրաստվում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո:
Ինչպես նշվում է փաստաթղթում, հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրադրության գնահատման եւ գործողության նպատակահարմարության եւ դրա մասշտաբների վերաբերյալ առաջարկությունների մշակման համար ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ստեղծվում է հատուկ խումբ: Փաստաթղթում առանձին նշված է, որ "խաղաղապահ գործողությունները չեն փոխարինում հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով եւ այլ խաղաղ միջոցներով":


