


Արմինֆո. ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը եւ կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները: "Ես դա (կրակի դադարեցումը) պաշտպանում եմ։ Լավ է, որ այդ առաջին քայլն արված է։ Լավ է, որ օգնեց Ռուսաստանը։ Բայց շատ կարեւոր է, որ դրանով չսահմանափակվի", - ասել Է Գորբաչովը՝ ի պատասխան կողմերի համաձայնությունը մեկնաբանելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։
Նրա խոսքով՝ պետք է պայմանավորվել "այս շատ ծանր խնդրի" կարգավորման ուղիների մասին, "պետք է քայլ առ քայլ աստիճանաբար լուծել այն":
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքում Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ից (մսկ. 11:00-ին) հումանիտար նպատակներով հրադադարի շուրջ՝ գերիների, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման համար: Կեսօրից հետո կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։



