Արմինֆո.Ստեփանակերտը մեծ հույսեր չի տածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիվանագիտական ջանքերի հարցում՝ տվյալ պահին:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածություններին, մասնավորապես ասել է. "Ստեփանակերտում այս պահին դիվանագիտական ջանքերի առումով մեծ հույսեր չեն փայփայում։ Բաքվից եկող ազդակները հուշում են, որ Ալիեւն այժմ խաղաղություն չի փնտրում", - նշել է Բաբայանը՝ միաժամանակ մատնանշելով այդ իրադարձությունների երկու հիմնական ուղերձները։
"Մասնավորապես, միջազգային հանրությունը նորովի է գնահատել այն սպառնալիքները, որոնց մասին երկար ժամանակ ահազանգել է հայությունը, և որ խաղաղ գործընթացի ղեկին շարունակում են մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հակառակ այդ ձևաչափը տորպեդահարելու Բաքվի փորձերի",-ամփոփել է Բաբայանը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին ՝ ժամը 12:00-ին: Սակայն, հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց, հայկական պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ անտեսելով հայտարարված մարդասիրական հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին հարձակում են ձեռնարկել "Կարախամբեյլի" տեղամասի վրա, իսկ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել հակառակորդի հարձակումը կասեցնելու ուղղությամբ: Մարտական գործողությունները շարունակվել են նաև ռազմաճակատի այլ հատվածներում։ Րոպեներ առաջ Պաշտպանության բանակը հաղորդել է, որ ճակատի բոլոր հատվածներում, բացի Հադրութից, համեմատաբար հանգիստ իրավիճակ է։
Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է հարձակման եւ հրադադարի շուրջ պայմանավորվածության տապալման և համար։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, հաստատել է փաստը, որ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություններն առայժմ ուժի մեջ չեն մտել: