


Արմինֆո.Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները: "Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը եւ կոչ եմ անում վերսկսել խաղաղ բանակցությունները։ Հաստատուն խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանի միակ ընդունելի ապագան է", - գրել է Զուրաբիշվիլին Twitter-ում։
Այս մասին հայտարարություն է տարածել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ "Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը եւ հուսով է, որ հետագա բանակցությունները առաջընթացի կհանգեցնեն հակամարտության կարգավորման եւ կայուն խաղաղության հաստատման հարցում, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանում անվտանգության ու բարեկեցությանն ամրապնդմանը", - նշել են Վրաստանի ԱԳՆ-ում:
Նախօրեին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին: Սակայն, հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ, անտեսելով հայտարարված մարդասիրական հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին հարձակում են ձեռնարկել "Կարախամբեյլի" տեղամասի վրա, իսկ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել հակառակորդի հարձակումը կասեցնելու ուղղությամբ: Մարտական գործողությունները շարունակվել են նաև ռազմաճակատի այլ հատվածներում։



