Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի միջեւ իրանական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է այդ տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին հումանիտար նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու համար սուբստանտիվ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Սակայն, ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հակառակորդը խախտել է ավելի վաղ հայտարարված հրադադարի ռեժիմը։ Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։Մարտական գործողությունները շարունակվել են նաև ռազմաճակատի այլ հատվածներում ։