Արմինֆո. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել
պահպանել մարդասիրական իրավունքը, թույլ չտալ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։
"Ես հակամարտության կողմերին հիշեցնում եմ այն մասին, որ նրանք պետք է հավատարիմ մնան քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության գծով միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորություններին ", - նշել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ, որը վկայակոչում Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ընդգծել է Բաչելետը, կողմերը պետք է պահպանեն համաչափության սկզբունքը մարտական գործողություններ իրականացնելիս եւ "խուսափեն բնակելի շրջաններում պայթուցիկ գործողության զենքի կիրառումից, որը լայն հարվածող ուժ ունի": Գերագույն հանձնակատարը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: "Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի", - հայտարարել է նա՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով միանալ ավելի քան 100 պետությունների, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի Կոնվենցիան:
Նրա խոսքով ՝ տագնապ է առաջացնում նաեւ այն փաստը, որ մարտական գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Շարունակվող բռնության պայմաններում սոցիալական հեռավաոության միջոցների պահպանումը եւ բնակիչների բժշկական օգնությանը հասանելիությունը կարող են դժվարանալ, նախազգուշացրել է նա: "Անհրաժեշտ է ապահովել առողջության պահպանման հասանելիությունը, ներառյալ հակամարտության զոհերի հոգեբանական աջակցությունը", - ամփոփել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը: