Արմինֆո.Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան պետք է դիտարկել Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
Նա փաստել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, որն իրագործում է իր աշխարհաքաղաքական նպատակները: Նրա խոսքով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է Թուրան ստեղծել, ինչի մասին բացահայտ հայտարարել է նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ ինչի մասին հիանալի գիտեն բոլոր միջազգային դերակատարները:
"Ադրբեջանաթուրքական տանդեմը, սկսելով մարտական գործողություններ, ծրագրել էր գնալ երկու ուղղությամբ, հասնել Հայաստանի սահմաններին և փակել Լաչինի միջանցքը, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կտրել ՀՀ-ից և լուծել իր խնդիրները։ Սակայն, 12 օրվա մարտական խնդիրների գնահատականը թույլ է տալիս վստահաբար ասել, որ այդ տանդեմը չի կարողացել կատարել նույնիսկ առաջին օրվա խնդիրը", - կարծում է վարչապետի խորհրդականը։
Միեւնույն ժամանակ Հարությունյանը կարծում է, որ հակառակորդի հիմնական ուժերը տեղափոխվել են ռազմաճակատի հարավային թեւ, քանի որ իրականացվում են Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրները, որը փորձում է դուրս գալ դեպի Մեղրի: "Հասնելով Մեղրիին՝ Թուրքիան հետո կփորձի միավորվել Նախիջևանի հետ։ Երկրորդ խնդիրն է այդ սահմանից կտրել Իրանը եւ զբաղեցնել նրա տեղը։ "Չմոռանանք, որ այդ ուղղությամբ Իրանի տարածքում շատ իրանցի ադրբեջանցիներ են ապրում, ուստի՝ այդ գործողությունները վտանգ են պարունակում նաև Թեհրանի համար", - ասել է Հայաստանի վարչապետի խորհրդականը, նշելով, որ Ադրբեջանն արդեն դադարել է հանդես գալ որպես լիարժեք միջազգային դերակատար, քանի որ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիմում են Բաքվին, պատասխանը հնչում է Թուրքիայից:
Դրա հետ մեկտեղ՝ Հարությունյանը կարծում է, որ հայկական կողմն այս 12 օրվա ընթացքում հաջողությամբ է գործել, թույլ չտալով հակառակորդին ճեղքել իր պաշտպանությունը, եւ խախտել է նրա ծրագրերը: Նրա խոսքով, եթե հակառակորդը, նույնիսկ, հասել է ինչ-որ փոքր մարտավարական հաջողությունների, ապա չի հասել ոչ մի առավելություն, իսկ հայկական ԶՈՒ կասեցրել են նրանց բոլոր գործողությունները, հաջողությամբ հետ մղելով հարձակումները, իսկ հզոր հակահարվածով պատճառել են կենդանի ուժի եւ տեխնիկայի լուրջ կորուստներ:
Հարությունյանը հավելել է, որ հայկական դիվանագիտությունը նույնպես հաջողությունների է հասել, քանի որ կարողացել է միջազգային հանրությանը ցույց տալ Թուրքիայի ներգրավվածությունն այդ ագրեսիային: "Մեր դիվանագիտությունը կարողացել է ապացուցել ոչ միայն Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությունում, այլեւ այն, որ նա այնտեղ ահաբեկիչներ է նետում Սիրիայից եւ Լիբիայից։ Այս ամենի մեջ ակնհայտ են նաև Էրդողանի պանթյուրքական նկրտումները, որը բացահայտ հայտարարել է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մտադրության մասին։ Դա, անշուշտ, սպառնալիքէ, մեզ եւ Ռուսաստանի համար, որովհետև մեզանից հետո Հյուսիսային Կովկասն է բռնկվելու, հետո այն անցնելու է Կասպից ծովից այն կողմ։ Եվ, բնականաբար, այդ սպառնալիքը շատ լավ գիտակցում են նույն Եվրոպայում։ Դա նրանց համար սպառնալիք է", - ասել է Հարությունյանը։
Վարչապետի խորհրդականը նաեւ կարծում է, որ այդ ագրեսիան սկսելու հիմնական պայմանն այն էր, որ Ռուսաստանը չի միջամտի մարտական գործողություններին: Սակայն, ըստ նրա, նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, որը նա պետք է կատարի սպառնալիքի դեպքում, "սառը ցնցուղ" էր հակառակորդի համար: