
Արմինֆո. Արցախի շուրջ ցանկացած դիվանագիտություն, ցանկացած բանակցություն կարող է հենվել բացառապես հակամարտության ներկա փուլում կողմերի ձեռք բերած կոնկրետ ռազմական արդյունքների վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։
<Ռազմաճակատում անկայուն իրավիճակի պայմաններում առարկայական բանակցությունների մասին խոսելն իմաստ չունի։ Ադրբեջանը դեռ չի հաղթել և դեռ ձգտում է իրականացնել իր նպատակները։ Ասել է թե ՝ նման իրավիճակում դիվանագետների վրա հենվելը պարզապես չենք կարող ։ Օրինակ, եթե ադրբեջանական բանակին հաջողվի Ջեբրաիլը վերցնել, դա կարող է ոչ միայն հակամարտության այս փուլի եզրափակիչ կետ, այլ նաև՝ բանակցությունների ելակետ դառնալ ։ Ինչպես, ի դեպ, դրան հասնելու լիակատար անհնարինության Բաքվի գիտակցումը>,- ընդգծել է նա։
Այս առումով, նրա գնահատմամբ, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս միջնորդներն այսօր սպասում են հակամարտության կողմերի միջանկյալ, նոր շփման գծի հաստատմանը, կամ էլ ուժերի կայուն մարտավարական հավասարակշռության ձևավորմանը, երբ վերջնականապես պարզ կդառնա ադրբեջանական բանակի ՝ առաջ շարժվելու անկարողությունը։
Դուբնովի կարծիքով ՝ ընթացիկ ռազմական բախման ճակատագիրն այսօր որոշվում է հարավային ուղղությամբ, որտեղ Բաքուն ակտիվորեն փորձում է վերցնել Ջաբրայիլի շրջանը: Իրադարձությունների հետագա ընթացքը, նրա կանխատեսումներով, կհանգեցնի հենց այդ ուղղությամբ ադրբեջանական բանակի գործողությունների հաջողությանը կամ ձախողմանը: Ընդ որում, նա չի բացառել, որ նախօրեին արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ միջնորդների գործադրած ջանքերը պայմանավորված են հարավում տիրող իրավիճակի մասին նրանց ավելի մեծ տեղեկացվածությամբ:
Խոսելով ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի հեռանկարների մասին ՝ Դուբնովը ցավով նշել է, որ Արցախի շուրջ բռնության պոռթկումն ամենևին վերջինը չէ։ Նրա գնահատմամբ ՝ նման իրավիճակներում և նման հակամարտություններում մարտական գործողություններն ավելի շուտ նախավերջինն են ։ Այս առումով վերլուծաբանը կրկին ընդգծել է բանակցությունների վերսկսման միջանկյալ շրջանում կողմերի ելակետային դիրքերի կարևորությունը։ <Եթե Ադրբեջանին հաջողվի ինչ-որ բան խլել պատերազմից, ապա դա կհանգեցնի Բաքվի անկոտրում դիրքորոշմանը ։ Եթե ոչ, իրավիճակը բանակցություններում այլ կերպ կդասավորվի։ Ալիևն առայժմ սեփական հաջողության շոշափելի ապացույցներ չունի>, - ամփոփել է Դուբնովը ։