Արմինֆո. Արցախում պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր Դեսպան Արման Մելիքյանը:
"Նման ապոկալիպտիկ սցենարը հնարավոր կդառնա՝ Թուրքիայի կողմից անմիջականորեն Հայաստանի հետ սահմանին մարտական գործողություններ սկսելու դեպքում։ Այդ դեպքում Ռուսաստանի եւ Իրանի միջամտությունը անխուսափելի բնույթ կկրի, եւ ընթացիկ աշխարհաքաղաքական ամբողջ կոմբինացիան կշրջի համաշխարհային պատերազմի մակարդակի", - կանխատեսում է Մելիքյանը։
Տեղի ունեցածի էությունը, ըստ դիվանագետի, "արաբական գարնան" առաջացրած բռնության ալիքի աստիճանական, բայց կայուն շարժումն է դեպի Արեւելք։ Ինչի արդյունքում այդ ալիքն արդեն հասել Է Հարավային Կովկասի սահմաններին։ Մելիքյանի գնահատմամբ՝ բավականին լուրջ շատ միջազգային խաղացողներ մեծապես շահագրգռված են դեպի Արևելք այդ ալիքն առաջ մղելու հարցում։
Այս բավական խոշոր աշխարհաքաղաքական նախագիծը, նրա գնահատմամբ, ուղղված է Եվրասիայի բուն քաղաքական դիմագիծը փոխելուն։ Նրա թիրախը ողջ ընդարձակ տարածաշրջանն է, իսկ նպատակներից մեկը թյուրքական աշխարհի ակտիվացումն է։ Վերջին գործընթացում լոկոմոտիվի դերը վերապահված է Թուրքիային։ Հայաստանի խնդիրն այս լույսի ներքո դիվանագետը համարում է սեփական շահերի լիովին ապահովումը։
"Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ այդ լույսի ներքո Հայաստանի պոտենցիալ դաշնակիցներն այս խաղերում եւ Ռուսաստանն է, եւ՝ Իրանը։ Հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ ընթացիկ պատերազմի մասշտաբների մեծացման դեպքում լիովին թիրախ կարող է դառնալ նաև Իրանը։ Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ Թուրքիայի առաջխաղացումը կուղեկցվի Ռուսաստանի նահանջով։ Մինչդեռ, Ռուսաստանն արդեն նահանջելու տեղ չունի։ Քանի որ եւս մեկ հետընթաց քայլ այդ նահանջը կվերածի անվերջ նահանջի", - կանխատեսում է դիվանագետը։
Անդրադառնալով ռազմաճակատում տիրող իրավիճակին՝ Մելիքյանը նշել է հակառակորդի ռազմատենչության բեկման, Ադրբեջանի հրահրած պատերազմում էական ձեռքբերումների բացակայության փաստը, ինչպես նաեւ մարդկային եւ ռազմական տեխնիկայի վիթխարի կորուստները: Այդ ամենը, ըստ դիվանագետի, արդեն հանգեցրել է Ադրբեջանում իշխանությունը Ալիևից Թուրքիային փոխանցման։ Եվ, ըստ Մելիքյանի կանխատեսումների, ադրբեջանցի ժողովուրդը դեռ երկար կզգա դրա հետևանքները։ Իսկ Հայաստանին ու Արցախին պատերազմը հնարավորություն է տվել լուծել այնպիսի հարցեր, որոնք հայկական հանրապետությունները ոչ մի կերպ չէին կարողանում լուծել խաղաղության ժամանակ։