


Արմինֆո. Հակառակորդը կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ վկայակոչելով սպաներից ստացված տեղեկությունները շփման գծից, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում:
Նա գրել է, որ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները: «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու», - ընդգծել է նա։



