Արմինֆո. Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ հարձակման առնչությամբ "Հայաստանի եվրոպացի բարեկամներ" (EuFoA) ՀԿ-ն միջազգային հանրությանը հորդորում է ընդունել վերջին իրադարձությունների լրջությունը և զերծ մնալ երկու կողմերին ուղղված սովորական կոչերից, որոնք հիմնված են կեղծ համարժեքության վրա: Այդ մասին ասվում է EuFoA-ի պաշտոնական հայտարարության մեջ։
"Չնայած Բաքվի եւ Անկարայի այն մեղադրանքներին, թե Հայաստանն է սկսել է այդ հարձակումը, Հայաստանի համար ոչ մի տրամաբանություն չկա որեւէ ռազմական գործողություն հրահրել։ Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել է և հիասթափված է խաղաղ բանակցություններից, որոնք իրենց մեջ ներառում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգվող խաղաղ բանակցությունների գործունեության վերաբերյալ կասկածներ։ Այդ հայտարարություններն ուղեկցվում էին ավելի ու ավելի թշնամանք սերմանող հռետորաբանությամբ։ Երկու կողմերի նման տարբեր մոտեցումներն ակնհայտ էին նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում հնչած համապատասխան ելույթներում։ Բազմիցս Բաքվի պաշտոնական դիրքորոշումը հանգում է այն բանին, որ նրանք չեն ցանկանում հանդուրժել "երկրորդ հայկական պետությունը իր հնագույն հողերում", ինչը, նույնիսկ, կասկածի տակ է դնում հայկական հանրապետության գոյության իրավունքը", - նշված է աղբյուրի մեջ:
"Հայաստանի եվրոպացի բարեկամներ" ՀԿ-ն վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները և ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու մտադրությունը: "Հրադադարի ռեժիմն այժմ պետք է հաստատապես հաստատվի, ինչպես խոստացվել է միջազգային մակարդակով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո", - ասվում է հայտարարության մեջ: