Արմինֆո.ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ <Իմ քայլը> խմբակցության երկու պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արմեն Փամբուխչյանը հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները: Ջուլֆալակյանը հայտարարել է, որ հեռանում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած հակասությունների պատճառով, իսկ Փամբուխչյանը հայտնել է, որ մտադիր է աշխատանքի անցնել գործադիր իշխանությունում:
Գայանե Աբրահամյանը դեռ չի մեկնաբանել իր որոշումը։