Արմինֆո. Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին: Պատգամավորը նշել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել, որի անդամները կիսելու են նույն արժեքներն ու քաղաքական գաղափարները, որոնց կրողն է ինքը: Նա ընդգծել է, որ բոլոր այն մարդիկ, որոնց համար հեղափոխությունը դեռ չի ավարտվել, կարող են համախմբվել այդ նախաձեռնության շուրջ։
Հիշեցնենք, որ Բաբաջանյանը խորհրդարան է անցել "Լուսավոր Հայաստան" խմբակցությունից, սակայն հետո հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին, ընդ որում, մանդատից չի հրաժարվել եւ դարձել է անկախ պատգամավոր:
Բաբաջանյանի այս հայտարարությանն արձագանքել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, ով նշել է, որ Բաբաջանյանը պետք է վերջապես սկզբունքայնություն դրսեւորի եւ վերադարձնի "Լուսավոր Հայաստան" խմբակցության մանդատը: Թող նա ընտրություններին մասնակցի իր ուժերով, ստանա ընտրողների ձայները և սեփական մանդատը։ "Եթե նման սկզբունքայնություն չցուցաբերվի, ապա կպարզվի, որ այդ կուսակցությունը, որը դեռ չի ստեղծվել, փաստորեն ԼՀ արբանյակներից մեկն է։ Ինչ-որ մեկի հանձնարարությամբ ձևավորված ուժը չի կարող լեգիտիմ լինել" ,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ ՝ խմբակցությանը լրացուցիչ մանդատ տրամադրելու խնդրանքով, քանի որ Բաբաջանյանը լքել էր խմբակցությունը եւ իրեն հայտարարել անկախ պատգամավոր: "Համաձայն 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ մեր խմբակցությունը ստացել է 18 մանդատ։ Օրենսդրության պահանջով ընդդիմությունը պետք է ունենա պատգամավորական մանդատների 1/3-ը։ Իսկ ընդդիմություն, ըստ օրենքի, կարող է համարվել միայն խմբակցությունը", - նամակում ընդգծել էր Մարուքյանը։
Սակայն ԿԸՀ-ն չէր համաձայնել Մարուքյանի դիրքորոշմանը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ ԿԸՀ-ն կարող է խմբակցություններին նոր պատգամավորական մանդատ տրամադրել
միայն այն դեպքում, եթե թափուր տեղ հայտնվի։