Արմինֆո. Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Այս մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եգիպտական հեռուստաընկերությանը հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը:
<Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում: Մենք պդնում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ>,- ասել է Մնացականյանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: <Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացումը, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ>,- ավելացրել է ԱԳ նախարարը։
Խոսելով հայ-եգիպտական հարաբերությունների մասին՝ նախարարը նշել է․ <Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ: Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք>։
Միաժամանակ Մնացականյանը հայտնել է, որ կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: <Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից են>,- ամփոփել է Մնացականյանը։