Արմինֆո. ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, Բայրամովը Ադրբեջանին բնորոշ ավանդույթի համաձայն Հայաստանին մեղադրել է <սադրիչ եւ անպատասխանատու վարքագծի համար, ինչի հետ կապված՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մտել է փակուղի>:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ դժգոհություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների գործողություններից ՝ հավաստիացնելով, որ <ճիշտ չէ նույն կերպ վարվել ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի նկատմամբ>: Ընդգծվել է նաև, որ Հայաստանի լայն թափով սպառազինումը վերջին շրջանում վկայում է <նոր սադրանքներ իրականացնելու հարցում այդ երկրի շահագրգռվածության մասին>:
Գրոսսն իր հերթին ընդգծել Է Ֆրանսիայի շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում եւ նշել, որ իր երկիրը նույնպես դժգոհ է հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունից: