Արմինֆո. Այսօր տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորս վիրտուալ նիստերից առաջինը, որտեղ ամերիկյան կողմը ներկայացրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Կառա ՄքԴոնալդն, իսկ հայկական կողմը` ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, քննարկման առանցքում Հայաստանի առաջնահերթ ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ գրանցված ձեռքբերումներն էին և հետագա համագործակցությունը։ Մասնակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արդեն իսկ կատարած կարևոր քայլերին, որոնց թվում է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը։ Ռազմավարական երկխոսության նիստերը կշարունակվեն աշնան ընթացքում, իսկ ամփոփիչ նիստը տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում եկող ամսվա ընթացքում։