Արմինֆո.Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)։
Ինչպես հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:
<Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան եզակի գործիք է՝ կանխելու և պայքարելու ամենադաժան հանցագործություններից մեկի դեմ, որը, ցավոք, դեռևս շատ տարածված է մեր հասարակության մեջ»,- ասել է Բատտաինի-Դրագոնին:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովը հավանություն է տվել Լանզարոտում ստորագրված՝ ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Այն ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 45 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը։