Արմինֆո. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 90-ականներին, և զարմանալի է, ոիր Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու առնչությամբ Ադրբեջանի դժգոհությանը ։
Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը փաստել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից իրարամերժ ազդակներ եւ հայտարարություններ են հնչում, ինչը վկայում է այն մասին, որ հուլիսյան մարտերը հարված են հասցրել Ադրբեջանի ոչ միայն ԶՈՒ-ին, այլեւ՝ դիվանագիտական ներուժին:
<Որքան էլ Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան շարունակվի, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու: Գուցե բացահայտում անեմ Ադրբեջանի համար, բայց ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 90-ականներին: Տարակուսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը>,-նկատել է Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ ավելի վաղ Բաքվից դժգոհություն էր հնչել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ: Այդ հարցը քննարկվել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ՝ Բաքվում ունեցած հանդիպումների օրակարգում ։ Ընդ որում, Բաքվում հայտարարել են, որ Շոյգուն բավական անհամոզիչ բացատրություն է տվել Հայաստանին զենք մատակարարելու փաստերը կոծկելու համար ՝ հայտարարելով, թե Ռուսաստանն իբր ինչ-որ սարքավորումներ եւ շինարարական նյութեր է ուղարկել իր հայկական բազայի համար ։ Օգոստոսի 29-ին պատասխանելով լրագրողների հարցերին ՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ դժգոհություն է հայտնել՝ խնդրելով հստակություն մտցնել Հայաստանին սպառազինությամբ ապահովելու հարցում ։