Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ինչպես տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից, Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:
Փաստաբանն ընդգծել է, որ երկրորդ նախագահի պաշտպանությունը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում։ <Մարտի 10-ին կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն ամբողջությամբ ընթերցել է փաստաթղթի տեքստը, որը պարունակում է բժշկական գաղտնիք ։ Այդ փաստաթուղթը պարունակում էր անձնական տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն և պաշտպանված են օրենքով>, - ընդգծել է Ալումյանը ։ Վերջինս նաև նշել է, որ հայցը դեռ վարույթ չի ընդունվել։
Նշենք, որ մարտի 10-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր <Էրեբունի> բժշկական կենտրոնում եւ չէր մասնակցում դատական նիստին: Դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցել է բժշկական կենտրոնի տեղեկանքը: