Արմինֆո. Հայաստանում COVID-19-ի հետ կապված իրավիճակի կայունացում է նկատվում։ Այս մասին օգոստոսի 20-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Նրա խոսքով՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում արձանագրվել է 263 նոր դեպք՝ կատարված ընդհանուր 1993 հետազոտություններից: <Այսինքն՝ գնահատելով և համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել եզրակացության, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես դադարել է, առնվազն իմ նշած 2-3 շաբաթվա համար: Սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի, այսինքն՝ այդ մասով որևէ խնդիր չունենք: Եվ հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը՝ ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր՝ օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի, և կարծես մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է: Հետևաբար, պետք է սպասենք և ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի - մենք դժվար կտրուկ անկում կարողանանք արձանագրել - սակայն առնվազն այս վիճակում և նման կառավարելիության վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք>,- ասել է նա։ Արսեն Թորոսյանը հատկապես նշել է, որ հաճախ իրավիճակը վատթարանում է ձեռնարկություններում հակահամաճարակային անվտանգության միջոցների բացակայության հետևանքով: <Տարբեր տեսակի հաստատություններից վերցրած, գրեթե բոլոր տեղերում, մենք ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի 2 խոշոր ֆաբրիկաների: Անունները չեմ տալիս, բայց դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները պարզապես չեն պահպանվում ընդհանրապես: Ի տարբերություն, օրինակ, ունենք «Հայփոստ»-ի գրասենյակ՝ 0 դրական, բժշկական կենտրոն՝ 0 դրական, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձոր քաղաքից դուրս՝ 0 դրական: Այսինքն՝ ակնհայտ է, այնտեղ, որտեղ կանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ, եթե 0 էլ չէ, ապա շատ փոքր թիվ է՝ ուրիշ տեղերի հետ համեմատ, իսկ որտեղ չեն պահպանվում՝ տասնյակ, որոնք հետո տեղափոխվում են իրենց տներ, տներում արդեն հավանաբար ավելի մեծ տարիքի քաղաքացիներ են վարակվում, և ունենում ենք նաև ողբերգական ելքեր: Հետևաբար, կարծում եմ, որ այս մասով էլ պետք է շարունակական լինեն մեր և տնտեսվարողների ջանքերը>,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է․ <Իրականում կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահին կարող է փոխվել և դառնալ անկայունություն: Որովհետև, ինձ թվում է, մենք ընդհանուր առմամբ և հանրությունը ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Իհարկե, միջին օրական թվերն ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին՝ հուլիսի 6-ին կորոնավիրուսի հետ կապված:
Այստեղ ցանկանում եմ կրկին արձանագրել հետևյալը՝ այո՛, մենք և մեր քաղաքականությունը եղել է այն, որ մենք ասել ենք՝ որևէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա, և փառք Աստծո, կարողացել ենք դա ապահովել և կապահովենք՝ առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին: Բայց մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, այսինքն՝ սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այդպես: Եվ, հետևաբար, մեր դիտարկումը շարունակում է մնալ նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով: Իհարկե, նաև վարչական լծակները պետք է օգտագործվեն, ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան: Բայց կրկին և կրկին իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է>։