Արմինֆո. Անկարայում անուշադրության չեն մատնել Արևելյան Միջերկրականում իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։
Ըստ Anadolu-ի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը քննադատել է Երեւանին՝ դատապարտելով Արևելյան Միջերկրականի վերաբերյալ հայտարարությունը։ <Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, որը փորձում է ներկայացնել իր կարծիքը Արևելյան Միջերկրական տարածաշրջանի մասին, գտնվում է կատարյալ մոլորության մեջ համաշխարհային աշխարհագրության և այդ աշխարհագրության մեջ իր տեղի վերաբերյալ ։ Խոսքն այստեղ ոչ թե Սեւանա լճի մասին է, այլ՝ Արեւելյան Միջերկրածովի>, - հայտարարել է Աքսոյը ։
Ընդ որում, նա դրանով չի բավարարվել՝ հավաստիացնելով, թե իբր <Սևրի պայմանագրի մասին Հայաստանի սադրիչ հայտարարությունից> հետո Արևելյան Միջերկրական տարածաշրջանի վերաբերյալ վերջինիս հայտարարությունն անպատասխանատվության հերթական դրսևորումն է ։
<Ինչ էլ որ պատահի, Թուրքիան կպաշտպանի իր իրավունքներն ու կիպրոսցի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրական տարածաշրջանում, որոնք բխում են միջազգային իրավունքներից ։ Ոչ մի չարի դաշինք չի կարող կանխել այն։ Նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, պատմությունից դասեր չեն քաղել>, - ասել է նա ՝ հավելելով, որ Թուրքիան բոլոր ուժերով աջակցում է եղբայրական Ադրբեջանին ։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումներին։<Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:
Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները>,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։