Արմինֆո. Հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն խստագույնս, օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Նոր տեսակի կորոնավիուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար թուլանում է, բայց բացարձակ թվերն ամենօրյա՝ նոր դեպքերի հայտնաբերման, շարունակում են բարձր մնալ: Բայց հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ հայտնաբերելիությունը դեպքերի լավացել է, բարձրացել է, որովհետև, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոսի, պլյուս-մինուս 1-2 տոկոս, շրջանում, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք: Մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք, ըստ էության, պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի, և ռիսկային որոշ տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սա կլինի այն ձևը, որը հնարավորություն կտա հաղթահարել համաճարակը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ հայտնաբերված դեպքերը պետք է լինեն այնքան, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը։ «Դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30-ից ավելի տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կհասնենք այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար մենք ռիսկային խմբերում՝ փակ հաստատություններում, բնակչության շրջանում, կոլեկտիվներում հետազոտություններ կիրականացնենք։ Դրանց մեջ են մտնում սուպերմարկետները, ֆաբրիկաները, փակ հաստատություններ, հոգեկան առողջության կենտրոնները, բանկերը, թաղապետարանները և այլն։ Այսինքն, եթե նրանցից մեկի մոտ թեստը դրական է, չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան՝ բոլորին թեստավորում և արագ հայտնաբերում ենք։ Օրինակ՝ օրերս հետազոտել ենք հոգեկան առողջության կենտրոններից մեկը՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ, գանգատ չեն ունեցել»,-ասել է նախարարը:
Վարչապետը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 131: «Ծանր դեպքերի պիկը եղել է հուլիսի 9-ին ՝ 572 դեպք: Տեսնում ենք, որ էականորեն թվերը նվազել են: Այս ամենն ասում եմ կրկին անգամ ընդգծելու, որ միանշանակ մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ մենք նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Եվ հետևաբար այսօր մեր ուղերձը հստակ է՝ հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն խստագույնս, և այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, և, իհարկե, սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը:
Ոստիկանությունը շարունակում է նույն խստությամբ հետևել դիմակների կրման կանոններին: Ես ուզում եմ ասել մեր բոլոր սիրելի հայրենակիցներին, ովքեր տհաճություն են ունենում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, հետևանքով, դրա համար կա շատ պարզ ձև չտուգանվելու՝ ուղղակի կրել դիմակ և դիմակը կրել սահմանված ձևով, որովհետև եթե մենք այս ճանապարհով չգնանք, այս հաջողության հնարավորությունն աներկբա ձեռքից բաց ենք թողնելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: