Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանին ՝ Ռուսաստանում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրների վերաբերյալ:
«Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը», - ասվում է Մարուքյանի նամակում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ