Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանը վաղուց կորցրել է քաղաքական կեցվածքը, թեև փորձում է տպավորություն ստեղծել, թե դա այդպես չէ ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հանուն հանրապետության> քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
<Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ ձեռքը զարկերակի վրա է պահում, տիրապետում է տեղեկատվությանը և ընդհանրապես ակտիվ քաղաքական գործիչ է ։ Սակայն, վերլուծելով նրա դատողություններն ու գնահատականները ՝ դժվար չէ հասկանալ, որ իրականում նա արդեն շատ հեռու է գործնական, իրական քաղաքականությունից և այսօր հանդես է գալիս բացառապես դիտորդի դերում>, - ընդգծել է նա ։
Նախկին նախագահը, պատգամավորի գնահատմամբ, աչքի չի ընկել ինչ-որ հատուկ գաղափարներով ու մտքերով իր վերջին հարցազրույցում ։ Ըստ Բաբաջանյանի, հարցազրույցում հնչել են արդեն բոլորին հայտնի՝ ստանդարտ, ծեծված ձևակերպումներ, կառուցված կարծրատիպերի վրա, քննադատության փորձ և այլն ։ Այսպիսով՝ երկիրը 10 տարի կառավարած մարդու խոսքը ոչնչով չի տարբերվում միջին վիճակագրական վերլուծաբանի կամ իր իսկ թիմի քարոզչի խոսքից։
Հուլիսի 29-ին "Երկիր Մեդիա", "5-րդ ալիք" եւ "Հայկական երկրորդ հեռուստաալիք" հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է գործող իշխանությունների քաղաքականության գրեթե բոլոր ուղղությունները: Գնահատելով անբավարար Արցախի հարցում, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ՝ նախկին նախագահը նշել է, որ <ստեղծված պայմաններում Հայաստանի քաղաքական իրավիճակը կարող է շատ կտրուկ փոխվել>:
Քոչարյանը, Բաբաջանյանի գնահատմամբ, պատկանում է այն գործիչների թվին, որոնց ցանկացած խոսք իրենց դեմ է աշխատում։ <Հայաստանն իսկապես այսօր ուժեղ ընդդիմության կարիք ունի ։ Դա անվիճելի է ։ Բայց իրավունք ունի՞ արդյոք ուժեղ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով իր նախագահության տարիներին հետևողականորեն կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես, ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես>,- հարցնում է պատգամավորը։
Բաբաջանյանը համոզված է, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր անձանց հանրային աջակցության մակարդակը վերագնահատվում է ։ Նրա կարծիքով՝ նման անձանց դեռ թվում է, թե հաջող քաղաքական գործունեության համար բավական է նաեւ գումարը, որը նրանք այդքան շատ ունեն ։ Մինչդեռ, սա խորը մոլորություն է, փողը միայն տեխնիկական, կազմակերպչական նշանակություն ունի: Հաջողությունը քաղաքականության մեջ պահանջում է գաղափարներ, մտքեր, ծրագրեր և ամենակարևորը ՝ հասարակական աջակցություն, ինչից այսօր զուրկ են ընդդիմություն ներկայացող բոլոր սուբյեկտները, այդ թվում ՝ Քոչարյանը։
< Ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը ուղղակի չգիտեն՝ ինչ ասել է լեգիտիմություն, հանրային վստահություն, չգիտեն, որովհեըև չեն ունեցել այն։ Եվ այսօրվա իրենց դատողությունները օբյեկտիվորեն նրանք կատարում են այդ մեկնակետից՝ հանրային լեգիտիմությունը չճանաչողի, չիմացողի դիրքերից։ Այդ մոլորությունն է պատճառը, որ տասը տարի երկիրը ղեկավարած մարդը իրականությունից այնքան է կտրվել, որ հայտարարում է, թե իրատեսական է նոր իշխանության փոփոխությունը, այն իշխանության փոփոխությունը, որն ունի ավելի քան 70 տոլոսանոց վստահություն։ Այո, անցած երկու տարիներին այդ ցուցանիշը նվազել է, սակայն չի նվազել այնքան, որ ուղղակի մի քանի պարզամիտ քայլերով հնարավոր լինի իշխանություն փոխել>,- ամփոփել է Բաբաջանյանը։