Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջին շրջանում զգալիորեն բարելավվել է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ վերջին օրերի ցուցանիշներով երկիրը վերադարձել է այն վիճակագրությանը, որը եղել է մայիսին։
"Սկսել են գործել կառավարության կողմից ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝ դիմակների ռեժիմը։ Ուզում եմ նշել, որ իրավիճակի բարելավման ֆոնին մենք կոչ ենք անում քաղաքացիներին չկորցնել զգոնությունը եւ շարունակել պահպանել պարետատան կանոնների բոլոր դրույթները: Հակառակ դեպքում, մենք կարող ենք վերադառնալ այն իրավիճակին, որ արձանագրվել է համաճարակի գագաթնակետին: Մենք աչքի առաջ ունենք մի քանի երկրների օրինակներ, որտեղ իրավիճակի բարելավումից հետո մարդիկ դադարել են հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել, որից հետո իրավիճակը կտրուկ սրվել է", - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա ճեպազրույցի նպատակն է քաղաքացիներին կոչ անել շարունակել հակահամաճարակային միջոցառումները: "Ես գիտեմ, որ որոշ քաղաքացիներ հույս ունեն, որ հիվանդների թվի նվազումից հետո որոշ սահմանափակումներ կվերացվեն։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս հարցը մշտապես գտնվում է մեր օրակարգում, Հայաստանի կառավարությունն ամենաշատն է շահագրգռված սահմանափակումների վերացմամբ։ Եթե մենք դեռ չենք գնացել այդ քայլին, ուրեմն կան զգալի ռիսկեր", - ընդգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ շատ քաղաքացիներ նաեւ հույս ունեն ավիահաղորդակցության վերականգնման, որպեսզի իրենց արձակուրդն անցկացնեն արտասահմանում: "Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին նախապատվությունը տալ Հայաստանի առողջարաններին և զարգացնել ներքին զբոսաշրջությունը։ Ես վստահ եմ, որ մեր երկրում կան վայրեր, ուր դուք դեռ չեք այցելել, մենք հրաշալի հնարավորություն ունենք ավելի լավ ճանաչելու Հայաստանը", - եզրափակել է Փաշինյանը։