Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հհետ բաց հարցազրույցում։
"Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ մյուս պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հայտարարություններ անեն, որոնք կողմերին խրախուսում են խաղաղության հաստատմանը, կրակի դադարեցմանը, կողմերի բաժանմանը, ինչի մասին ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել: Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից", - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ընդգծել է փոխնախարարը, ՌԴ-ն ելնում է այն բանից, որ այն ամենը, ինչ նախկինում մշակվել էր միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: "Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի նահանջի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել տիտանական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ ՌԴ-ի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները մոտեցնելու գործում", - նկատել է Գրուշկոն:
"Այս հակամարտության լուծումը թույլ կտա էապես առողջացնել իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, այդ թվում ՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև ։ Կոչ ենք անում բոլորին նույնպիսի դիրքորոշում որդեգրել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին", - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։