Արմինֆո. Վերջին տարիներին մենք տեսնում ենք ռևանշիստական տրամադրությունների սրացում Թուրքիայում։ Մենք տեսնում ենք "մահմեդական եղբայրների"՝ պանթյուրքիզմով և Օսմանյան կայսրության կարոտախտով համակված արմատական իսլամիզմը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
"Նույնը մենք տեսնում ենք Սիրիայում և Գազայում։ Զուգահեռաբար Թուրքիան փորձում է ավելի մեծացնել սեփական ազդեցությունն Ադրբեջանում։ Ես դա դիտարկում եմ որպես ընդհանուր գործընթացի մի մաս։ Ավելին ասեմ, Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես սեփական տարածք ապագայում։ Հենց դրանով են պայմանավորված Անկարայի վերջին բոլոր հայտարարությունները, գործողություններն ընդդեմ Հայաստանի" - ընդգծել է նա։
Ըստ Էսկինի կանխատեսումների՝ եղբայրական Ադրբեջանում ներքին անկայունության խորացմանը զուգընթաց, թուրքական եղբայրական գրկախառնությունները հետեւողականորեն կսեղմվեն մինչեւ ոսկորների ճռթոցի աստիճան: Նման կանխատեսումներ թույլ տվող իրավիճակի նշանների շարքում իսրայելցի քաղաքագետն առանձնացրել է Թուրքիայում հասունացող սուննիզմի նոր մեծ ալիքը։ Նրա կանխատեսմամբ՝ այս ալիքը էապես կնպաստի Արցախի շուրջ բանակցություններում Բաքվի դիրքորոշման կոշտացմանը։ Ավելին, արդեն այսօր Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրում է ստեղծում։
Էսկինը համոզված է, որ խաղաղությունն ու ներդաշնակությունը իրենց բնական սահմանների տարածքում մարդկանց բնակության ածանցյալներն են, ինչը նրանց թույլ է տալիս բազմապատկել գոյություն ունեցող նյութական եւ հոգեւոր արժեքները՝ հիմնվելով ավանդույթների եւ տաղանդի վրա: Այս լույսի ներքո՝ հայոց պետականության ձեռք բերումը նա գնահատում է որպես արդարության համընդհանուր սկզբունքների արտացոլում։ Իսրայելցի քաղաքագետն ընդգծել է Հայաստանի պատմության մեջ նոր, կառուցողական-ստեղծարար էջի ստեղծման կարևորությունը։
"Հայաստանի պարագայում դա նշանակում է բնակչության թվի աճ։ Անշուշտ՝ եղած ունակությունների ու տաղանդների իրացում հենց հայոց պետականության տարածքում։ Գործնական, եթե ուզում եք, աշխարհաքաղաքական, գլոբալ հարթությունում թուրքական ռևանշիզմի հետ Ադրբեջանի միաձուլմամբ ուղեկցվող Հայաստանի թուլացումն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Ուժեղ Հայաստանը մեր տարածաշրջանում խաղաղության գրավականն է", - եզրափակել է իսրայելցի քաղաքագետը։