


Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԶՈՒ համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ինչն, իր հերթին, նպաստել է բանակի մարտունակության բարձրացմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Պատգամավորը նշել է, որ հայկական բանակի հաջողությունների մասին են վկայում նաև հակառակորդի կողմից խոցված անօդաչու սարքերը, որոնց թվում՝ նաև Hermes 900-ը:
"Այս ամենը, անշուշտ, վկայում է մեր հաջողությունների մասին: Հայ հասարակությունը չպետք է անհանգստանա", - ընդգծել է պատգամավորը։
Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ սահմանին լարվածության հարաբերական անկում է տեղի ունեցել։ Պատգամավորի կարծիքով՝ դա պայմանավորված է այն բանով, որ Ադրբեջանը գիտակցել է իր գործողությունների անարդյունավետությունը։ "Սահմանին այս միջադեպը տեղափոխվել է լրատվական դաշտ։ Մեր բանակին աջակցություն է պետք ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ տեղեկատվական դաշտում։ Պետք է բացառել ցանկացած ինտրիգ, որպեսզի հայկական բանակի ներկայացուցիչները կարողանան կենտրոնանալ մարտական խնդիրների վրա", - ընդգծել է Քոչարյանը։
Պատգամավորը հավելել է, որ պետք է արձանագրել դիրքային հաջողությունները, որոնց հասել են Հայաստանի զինված ուժերը: Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը չի կարող է եւ պետք է հնարավորություն գտնել բանակցությունները շարունակելու համար։ "Ցանկանում եմ հիշեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. լուծումը
պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար", - եզրափակել է պատգամավորը։



