Արմինֆո.Մարդասիրական առաքելության շրջանակում Իտալիայից Հայաստան են ժամանել 11 բուժաշխատողներ: Բժիշկները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության շրջանակներում և ավելի քան մեկ շաբաթ աշխատում են Հայաստանի հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում COVID-19 ախտորոշմամբ հիվանդները:
Մի խումբ բուժաշխատողներ Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ անցկացնում են դասընթացներ կորոնավիրուսային վարակի բուժման, հակաբիոտիկների կիրառման եւ այլ հարցերի վերաբերյալ: Խմբի հսկողության տակ են ծանր վիճակում գտնվող հիվանդները։
Հայաստան ժամանած մասնագետների թիմը ընդգրկված է ԱՀԿ "Արտակարգ արձագանքման բժշկական անձնակազմ" նախաձեռնության դասակարգման մեջ: "Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել մասնագետների գլոբալ ցանց, որը բժշկական օգնություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների դեպքում", - ասել է Հայաստանում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը:
Ենթադրվում է, որ բժշկական անձնակազմը Հայաստանում կգտնվի երեք շաբաթ, որից հետո կշարունակի աջակցել Հայաստանի բժշկական անձնակազմին խորհրդատվություններով եւ վարժանքներով: Իտալացի բժիշկներին հետեւել են նրանց գերմանացի և լեհ գործընկերները, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ ի պատասխան ԱՀԿ օգնության գլոբալ կոչին։