Արմինֆո.Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել: Միայն երեկվա դրությամբ, մեկ օրվա արդյունքներով՝ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100000-ը, և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը: Եվ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են, ցավոք, կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ: Ցանկանում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ, ըստ էության, հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, կամ, գուցե մի փոքր ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանում նույնպես շարունակում է համաճարակը ծավալվել. երեկ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից մեր մահերի թիվը, ցավոք, հասել է արդեն 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով:
Եվ ես կրկին ցանկանում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակի կրման կանոնների մեջ: Մասնավորապես, մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել: Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել, և կան տեսակետներ, որ պարզապես քաղաքացիները, այդ որոշումից օգտվելով, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց:
Դա վերաբերում է ոչ միայն կոնկրետ հիվանդություն ունեցող անձանց, այլև դա փաստաթղթով պետք է հիմնավորված լինի, այսինքն՝ բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը պիտի կիրառի սահմանված տուգանքները: Ընդ որում՝ տուգանքների հետ կապված նույնպես, հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո՛, մենք ասում ենք, որ այդ թվում՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև ներդնելու ենք նոր խստացումներ: Եվ մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ: Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ նաև հանրային կոմունիկացիայով>,- ասել է նա։