Արմինֆո. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ եթե նախագահը չստորագրի "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ապա ինքը կստորագրի այն:
Միրզոյանի խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այդ հարցը նախագահի հետ "Այո, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ մտադիր չէ ստորագրել այդ օրենքը։ Հետևաբար, եթե նախագահը 21 օրվա ընթացքում չստորագրի օրենքը, ես ինքս այն կստորագրեմ 5 օրվա ընթացքում։ Եվ դա կանեմ մեծ հաճույքով ", - ընդգծել է ԱԺ խոսնակը։ Նա նաև նշել է, որ եթե նախագահը որոշի այդ օրենքի առնչությամբ դիմել Սահմանադրական դատարան, ապա նա դա պետք է անի 21 օրվա ընթացքում:
"Ինչպես գիտեք, տարընթերցումներ են առաջացել այն առնչությամբ, թե արդյոք ես իրավունք ունեմ ստորագրել այդ օրենքը։ Իրավաբանների մի մասը կարծում է, որ այն պահից, երբ Հայաստանի նախագահը նամակով ինձ տեղյակ է պահել, որ ինքը չի ստորագրի օրենքը, ես կարող եմ այն ստորագրել: Իրավաբանների մյուս մասը, ճնշող մեծամասնությունը, համոզված է, որ անկախ այդ նամակից, նախագահը 21 օր ունի, կարող է փոշմանել, կամ էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Ամեն դեպքում՝ պետք է անցնի 21 օր։ Եթե այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը չստորագրի այն եւ չդիմի Սահմանադրական դատարան, ԱԺ նախագահն իրավունք կստանա ստորագրել կամ չստորագրել այդ օրինագիծը", - եզրափակել է Միրզոյանը։