Արմինֆո. Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների համատեքստում բարենպաստ ժամանակներ են գալիս։ Մասնավորապես, փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ Թուրքիայի և նրա առաջնորդ Էրդողանի դերը մեր տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի վնասակար է դառնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը։
"Այս ֆոնին Իսրայելում և այլ երկրներում աստիճանաբար գալիս է հհզոր Հայաստանի անհրաժեշտության գիտակցումը՝ մեր տարածաշրջանում և, նույնիսկ, ավելի լայն։ Ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում այն տեսակետը, որ հենց Հայաստանն է հանդիսանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորագույն հանգույցներից մեկը։ Հասկանալի է, որ Իրանի տարածաշրջանային դիրքերի, համապատասխանաբար, Հայաստանի վրա ազդեցության լուրջ թուլացման ֆոնին Երեւանի եւ Երուսաղեմի, եթե կուզեք, Արարատի ու Սիոնի մերձեցումը բնահատուկ եւ բնական գործընթաց է", - ընդգծել է նա։
Էսկինը համոզված է, որ Իսրայելը երբեք չի միջամտել եւ ապագայում չի միջամտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը: Նրա կանխատեսմամբ՝ Իսրայելը մտադիր չէ միջամտել նաեւ Հայաստանի ներքին գործերին։ Ըստ իսրայելցի գործչի՝ Հայաստանի նոր կառավարությունն արդեն ցույց է տվել Իսրայելի նկատմամբ հակվածություն և որոշակի մտադրություններ։ Այդ մտադրությունների ակտիվ իրականացմանը, նրա գնահատմամբ, խանգարեց Իսրայելում քաղաքական ճգնաժամը, որին հետագայում ավելացան կորոնավիրուսը եւ արտակարգ դրության ռեժիմը, այդ թվում ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական տրամաբանությունը, նրա գնահատմամբ, շարունակում է Հայաստանին եւ Իսրայելին, աշխարհասփյուռ հրեական եւ հայկական համայնքներին մղել մերձեցման եւ բարի հարաբերությունների։ Այս լույսի ներքո՝ Էսկինը նշել է Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում երկու ժողովուրդների միջեւ արդեն բավական սերտ հարաբերությունները: Իսրայելցի փորձագետը համոզված է երկու ժողովուրդների համատեղ լայն հեռանկարներում։
"Ես՝ անձամբ, ակտիվորեն փորձում եմ նպաստել մեր երկրների քաղաքական մերձեցմանը։ Ի թիվս այլ բաների՝ մեր ժողովուրդների մշակութային, երաժշտական փոխգործակցության հաստատման միջոցով: Մենք հրեական եւ հայկական երաժշտության համերգներ անցկացրինք Մոսկվայում, սակայն կորոնավիրուսի հետեւանքով ստիպված էինք դադարեցնել այդ շարքը։ Իրավիճակի կայունացումից հետո մենք կշարունակենք մեր համերգների շարքը։ Ծրագրում եմ նաև Բրյուսելում անցկացնել գիտաժողով՝ նվիրված մեր երկրների հարաբերությունների զարգացման հարցերին։ Հայ-իսրայելական հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ միայն փոխադարձ հետաքրքրության հիման վրա, այլեւ պատմամշակութային ոլորտում", - ամփոփել է Էսկինը։