Արմինֆո. Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կկայացվի հուլիսի 9-ին ՝ ժամը 14:10-ին: Այդ մասին հաղորդվել Է հունիսի 25-ին միջնորդության քննարկմանը նվիրված ԲԴԽ նիստի ավարտին։
Հիշեցնենք, որ դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը դատավոր Ազարյանի ("5-րդ ալիքի" սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր)՝ Սասուն Խաչատրյանի մասին արտահայտությունն էր ՝ դատավորի և ՀՔԾ քննիչ Մուշեղյանի միջև երկխոսության ընթացքում։ Մասնավորապես, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, դատավոր Ազարյանը ասել է. "Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը":
Ավելի վաղ նախարար Բադասյանը, մասնավորապես, նշել էր, որ Ազարյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել, անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակցի և նրա վերադաս անձի նկատմամբ: Իսկ դրա արդյունքում, ըստ նրա, կողմնակալության և խտրականության տպավորություն է ստեղծվել։ Մինչդեռ, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2015 թվականին հնչեցրած կարծիքի համաձայն, իշխանության ճյուղերից մեկի ներկայացուցչի մեկնաբանություններն ու քննադատությունները մյուս թևի ներկայացուցչի մասին պետք է հնչեցվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ընդ որում, դատական իշխանությունն այդ հարցում պետք է լրացուցիչ զգոնություն ցուցաբերի։