Արմինֆո. Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ և 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։
Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը: Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:
Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար: Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով>,- հայտնել է Փաշինյանը։