Արմինֆո.Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանգամայն բնական են ։ Հասկանալի է, որ հեղափոխությունից հետո վաղ թե ուշ որոշ խմբերի շահերը պետք է խիստ սահմանափակվեին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Modus vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
<Խոսքն այն մարդկանց մասին, ովքեր տասնամյակներ շարունակ շրջանցել են օրենքները, խուսափել են հարկերից և այլն և այլն: Ծառուկյանի և նրա մերձավոր շրջապատի պարագայում այս ամենն ավելի քան ակնհայտ է: Ըստ այդմ, ինչ էլ որ այսօր Ծառուկյանն ասի, ինչպես էլ նա փորձի իր շուրջ ընթացող գործընթացները մեկնաբանել, ակնհայտ է, որ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է դարձել իր բազմամյա արտոնությունների շնորհիվ ։ Այդ արտոնությունները ենթադրել են պետպատվեր, հարկեր և այլն>, - նշել է նա ։
Այս առումով իշխանության նկատմամբ Ծառուկյանի դեմարշը, Պապյանի կարծիքով, միանգամայն կանխատեսելի էր ։ Եվ այդ մասին ժամանակին վարչապետ Փաշինյանին զգուշացրել էին շատ վերլուծաբաններ ։ <Մասնավորապես, մենք ասում էինք, որ եթե կա հեղափոխություն, ապա կլինի նաև հակահեղափոխություն։ Հետևաբար՝ անհրաժեշտ են կոշտ քայլեր։ Փաշինյանը դրան չգնաց ՝ ընտրելով թավշյա և օլիգարխների վերադաստիարակման ճանապարհը։ Հասկանալի է, որ վերջիններս չեն ցանկացել վերադաստիարակվել՝ ի վնաս սեփական գրպանի։ Ըստ այդմ, այն ամենը, ինչ կարելի էր անել դեռ 2 տարի առաջ՝ շատ բարենպաստ մթնոլորտում, այժմ պետք է անել՝ մեծ դժվարություններով>, - ընդգծել է Պապյանը։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ փաստացի ռևանշ թույլ տալով Արցախում ՝ Փաշինյանը սեփական ձեռքով նախադեպ է ստեղծել Հայաստանում օլիգարխիայի ռևանշի համար։ Եվ այդ ռևանշի միտումն այսօր ավելի քան ակնհայտ է ։ Պապյանը հույս է հայտնել, որ ռեւանշիստները, այնուամենայնիվ, պարտություն կկրեն։ <Անձամբ ես դժգոհ եմ Փաշինյանի բազմաթիվ քայլերից։ Սակայն, ամեն դեպքում, մտադիր եմ աջակցել վարչապետին ՝ հաշվի առնելով, որ ընտրությունն այսօր կանգնած է անցյալի ռեւանշիստների եւ ներկայիս իշխանության միջեւ>, - ընդգծել է նա ։
Ընդ որում, նրա գնահատմամբ, իրավիճակն ամեն դեպքում շարունակում է մնալ բավականին վտանգավոր ։ Իսկ խնդիրը միայն վարկանիշների հարթության մեջ չէ, որտեղ <նախկինները> ոչ մի շանս չունեն ։ Պապյանի խոսքով ՝ մեդիայի եւ նյութական ռեսուրսների օգնությամբ ռեւանշիստներն արդեն երկու տարի է լվանում են բնակչության ուղեղները ։ Իսկ մարզերում բարեգործության անվան տակ մարդկանց հավաքագրում է ընթանում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ