Արմինֆո. Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
<Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին>,- նշել է նա։
Ավելի վաղ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ <ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր>,- գրել էր նա։