Արմինֆո. Կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է սահմանափակվի իշխանության պայքարով: Համաճարակի դեմ պետք է պայքարեն բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, ողջ ժողովուրդը, բոլորը՝ առանց բացառության։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
"Հնարավոր է, որ դա շատ իդեալիստական հնչի, բայց, իմ կարծիքով, երեք խորհրդարանական խմբակցությունները պետք է միասին նստեն եւ ԱՀԿ հանձնարարականների հիման վրա որոշեն, թե ինչ պետք է անեն եւ այդ համատեղ որոշումը հնչեցնեն հասարակությանը, իրենց ընտրողներին: Այդպես պետք է լիներ։ Եվ այդպես մենք կկարողանայինք միասին հաղթահարել կորոնավիրուսը։ Համենայնդեպս, նվազագույնի հասցնել նրդ առողջապահական, տնտեսական, քաղաքական և բոլոր այլ բացասական հետևանքները", - նկատել է նա։
Փոխարենը՝ մի խորհրդարանական քաղաքական ուժ, ըստ նրա, նախընտրեց գործել "իսկ մենք ասում էինք" սկզբունքով ՝ այդ "ասում էինք"-ի տակ դնելով միայն այն, ինչ իրենց այսօր ձեռնտու է։ Զուգահեռաբար նույն այդ ուժը Եվրախորհրդարանը հեղեղել է կառավարության դեմ ոչնչով չհիմնավորված բողոքներով։ Մյուսը՝ ավելի մեծ ընդդիմադիր ուժը, հասարակությանը լուսաբանելու, վարակի վտանգը մարդկանց բացատրելու փոխարեն, "կորոնավիրուսը լավ մարդկանց չի կպնի" ոգով հայտարարություններ է անում։
Խորհրդարանականի խոսքով ՝ իշխող քաղաքական ուժը կկատարի իր պարտականությունները եւ կանի իր աշխատանքը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք այդ աշխատանքին կաջակցեն այլ խորհրդարանական ուժեր, թե ոչ: Մեկնաբանելով կառավարության հրաժարականի կոչերը՝ Իգիթյանը նշել է, որ կոչերը՝ կոչեր, սակայն կառավարության հրաժարականը ենթադրում է որոշակի իրավաբանական գործընթաց, եւ դրա համար կա քվեարկություն խորհրդարանում: Իսկ, հաշվի առնելով, որ մինչև ընտրությունները դեռ երեք տարի կա, նման "քայքայիչ" պոպուլիզմը, նրա կանխատեսմամբ, ընդդիմությանը ձայներ չի բերի։
Իրենց ընդդիմություն անվանող մարդկանց այդպիսի ապակառուցողական պահվածքը, ըստ Իգիթյանի, առողջ բանականության սահմաններում չի տեղավորվում։ "Ընդհանուր սպառնալիքը պետք է համախմբի, այլ ոչ թե բաժանի։ Ես դա տեսել եմ նախորդ տարիներին՝ սկսած 1988-ից։ Արդյո՞ք այսօր Փաշինյանի հրաժարականը պահանջող այս բոլոր ուժերը աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ: Միանշանակ ՝ ոչ։ Նրանք, պարզապես, ուզում են հայտնվել վարչապետի աթոռին ։ Ընդ որում, նույն Արթուր Վանեցյանը հնարավորություն ուներ վերջապես ստեղծել իրական ազգային անվտանգության ծառայություն։ Արդյո՞ք նա օգտվեց դրանից։ Միանշանակ՝ ոչ։ Նրա մոտ ոչինչ չստացվեց", - ընդգծել է պատգամավորը։
Իգիթյանը համոզված է, որ հնարավոր չէ մի քանի մերժվածներից, նեղացածներից և ռևանշի ձգտումով համակված քրեական գործերի հավակնոտ մասնակիցներից ընդդիմություն կառուցել։ Ընդդիմության ստեղծումը ենթադրում է, որ այդ մարդկանց հետևում պետք է կանգնած լինեն այլ մարդիկ, հասարակությունը, գաղափարներ ու ծրագրեր։
"Այո, մենք էլ ունենք սխալներ, բայց ասել, թե մենք ձախողել ենք պայքարը կորոնավիրուսի դեմ, նույնպես չի համապատասխանում իրականությանը: Մենք այլ երկրների հետ միասին, մնացած աշխարհի հետ սովորում ենք մեր և ուրիշների սխալներից։ Եվ առաջ ենք գնում։ Եվ Գագիկ Ծառուկյանը չէ, որ պետք է մեզ գնահատական տա, մեզ գնահատական կտա ժողովուրդը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում։ Մեզանից ոչ ոք չի կառչում աթոռից և մանդատից։ Բայց՝ թույլ տվեք, նման իրավիճակում արտահերթ ընտրություններ պահանջելն արկածախնդրություն է։ Այլ երկրներում մարդիկ չեն կարող նույնիսկ հերթական ընտրություններ անցկացնել։ Փառք Աստծո, որ մենք այսօր գոնե այս խնդրի առաջ չենք կանգնում", - ամփոփել է Իգիթյանը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ