Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու առաջարկով: Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ նախագահի աշխատակազմում:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գլխավոր շտաբի պետ է նշանակվում Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը (նախկինում զբաղեցրել Է Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը), Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում փոխարինում է վերջերս նրա տեղակալ նշանակված գնդապետ Արգիշտի Քյարամյանը, իսկ Ոստիկանության պետ է նշանակվում գնդապետ Վահե Ղազարյանը։ «Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», - հավելել է վարչապետը:
Նշենք, որ նախօրեին նշվել էր գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը՝ չնայած պարետատան արգելքին: Ավելի ուշ Արտակ Դավթյանը հանդես էր եկել պարզաբանմամբ իր որդու հարսանեկան արարողության վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության առնչությամբ: Դավթյանը, մասնավորապես, ասել էր. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես, ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ եւ իմ ընտանիքի անձնական տարածք եւ փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: