Արմինֆո.Հունիսի 6-ից պարետի որոշմամբ կարգելափակվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք:
Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները», - գրել է վարչապետը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք, ապաքինվել է 3720 մարդ, մահացել է՝ 190-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 հիվանդ: